Ինչու և ինչպես
«Ինչու և ինչպես»–ը MONK3-ի մանկական նախագծերից է: Հաղորդումը Հայաստանում այս պահին առկա խնդիրների բացահայտման և դրանց լուծման նորարարական հնարավորությունների մասին է: Խնդիրները բացահայտում են հաղորդավար երեխաները՝ հատուկ լաբորատորիայում նրանք պատրաստելու են լեգոռոբոտներ, որոնց միջոցով և օգնությամբ էլ լուծելու են խնդիրները: Հաղորդման նպատակն է երեխաների մոտ ակտիվացնել հետաքրքրությունը գիտության հանդեպ, խաղերի միջոցով զարգացնել մտավոր աշխատանքը, ռոբոտաշինությունը ծառայեցնել պրակտիկ խնդիրների լուծմանը, զարգացնել թիմային աշխատանքի հմտությունները, կարողանալ տեսնել շրջապատը և դրանում առկա խնդիրները: Հաղորդումը միտված է երեխաների օգնությամբ բարձրաձայնել խնդիրները և տալ այնպիսի լուծումներ, որոնք հետագայում հնարավոր է ավելի խոշոր նախագծերի հիմք դառնան:
ԱլտերNative
ԱլտերNative–ը նախագիծ է տարբեր մարդկանց հոբբիների և նախասիրությունների մասին: Ներկայացվելու են յուրահատուկ հոբբիներ ունեցող մարդիկ, բացահայտվելու է նրանց ներաշխարհը՝ մասնագիտությունից մինչև այլ հետաքրքրություններ: Ինչի՞ց է սկսվել նրանց հոբբին, ինչո՞ւ հենց այդ հոբբին, ինչքա՞ն ժամանակ են նրանք հատկացնում իրենց նախասիրության համար, ինչպե՞ս են հարազատներն ու ընկերները վերաբերվում իրենց հոբբին, ինչքա՞ն գումար են ծախսում դրա վրա և արդյոք հնարավոր է հոբբին բիզնես դարձնել: Նախագծի հերոսները հանրությանը հայտնի և անհայտ մարդիկ են՝ արվեստագետներ, բիզնեսմեններ, հասարակական գործիչներ:
Փոդքասթ
Սա հարթակ է, որտեղ Gen Z-ի երկու հաղորդավար՝ Ջելկան ու Բորիսը, անկեղծ ու առանց ֆիլտրի խոսում են երիտասարդներին հուզող ամենակարևոր թեմաների մասին՝ սիրո ժամանակակից դրսևորումներից մինչև կրթական համակարգի արդիականություն: Տարբեր կարծիքներ, հակադիր դիտանկյուններ, իրական քննարկումներ և հետաքրքիր հյուրեր. ամեն թողարկման ընթացքում նոր թեմա է լինելու՝ առանց պարտադրանքի, առանց ճիշտ ու սխալի: Սա ապահով տարածք է մտածելու, հարցեր տալու և լսելու։
N concept
N concept-ը երազանքներ իրականացնող նախագիծ է: Յուրաքանչյուր էպիզոդում մի երազանքի պատմություն է, որը տարիներ շարունակ սպասել է իրականցման, ու հիմա հենց այդ պահն է: Հերոսները 60+ տարիքի մարդիկ են: Հաղորդումը նպատակ ունի մեծահասակների կյանքի նոր ազդակ հաղորդել, երիտասարդների համար դառնալ օրինակ, որ իրենք նույնպես ավելի ուշադիր լինեն իրենց շրջապատի տարեցների հանդեպ, օգնեն նրանց իրականացնել երազանքներն ու այդկերպ շնորհակալ լինեն իրենց կյանքում լինելու համար:



.jpg)
.jpg)
